Հումանիտար բեռների ուղարկումը հատուկ օպերացիա էր, որ հատուկ թիրախավորեին խաղաղապահներին եւ արցախցիներին՝ ցույց տալու համար, որ ռուսական կողմը եւ միջազգային հանրությունը չեն կարող ազդել Ալիեւի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Բեռնատարների անցնելու համար հայկական կողմը պետք է կապվեր ռուսական կողմի հետ, որ նրանք էլ բանակցեն Ադրբեջանի հետ, սակայն դա տեղի չի ունեցել։ Իրականությունն այն է, որ Հայաստանը միայն այդ օրը երեկոյան է կապվել ռուսական կողմի հետ, նրանք էլ չէին հասցրել խոսել ադրբեջանցիների հետ, փաստի առաջ էին կանգնեցրել ռուսական կողմին»,- ասաց Նահապետյանը։

Նահապետյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ շրջափակումը Արցախի իշխանությունը բավարար մակարդակով պարենային անվտանգության չի ապահովել։

«Իրենք կարող էին այդ ընթացքում հսկայական պաշարներ կուտակել։ Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը դա չարեց եւ ո՞ւմ գրպանն է գցում իր չարածը։Իսկ Արցախում լի են բադրիջանները եւ այլ բանջարեղեն, ուղղակի վառելիք չկա, որ մարդիկ տեղափոխեն, բայց մեկ է անում են։ Այս ամենը ընդհանուր սցենարի մաս են, որ Արցախում ապրողները հուսալքության մատնվեն։ Երբ որ դու երկիրդ չես պատրաստում պաշտպանության, որոշել ես կամ էլ քեզ ասում են՝ հանձնես։ Հանձնես երկու ձեւով՝ դուրս գաս կամ հանձնվես»,- ասաց նա։