Չինաստանը լուրջ ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին։ Մենք մտահոգություն ենք հայտնում ներկա իրավիճակի եւ մարդասիրական հետեւանքների վերաբերյալ։ Այս մասին օգոստոսի 17-ին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։
Նրա գնահատմամբ՝ այդ հարցը պետք է լուծվի երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով՝ համընդհանուր ճանաչված միջազգային նորմերին եւ օրենքներին համապատասխան։
«Այդ հարցը լուծելու միակ ճանապարհը երկխոսությունն է։ Երկու կողմերն էլ պետք է հարցը լուծեն խաղաղ ճանապարհով»,-հավելեց դեսպանը։
Նա հույս հայտնեց, որ համապատասխան կողմերի ներգրավման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ամրապնդել երկխոսությունը, հաղորդակցությունը եւ համառորեն կմոտենան խնդիրների լուծման հարցին:
Նրա խոսքով ՝ ՉԺՀ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքերի ՝ այդ նպատակին հասնելու համար։











