ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու եւ առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:
Կոռնիձորում գտնվող «Լուրերի» նկարահանող խումբը հայտնեց, որ քիչ առաջ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները:
Լրագրողների հետ զրույցում Կասպրշիկն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի սկզբնամաս է այցելել իր ղեկավարի՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հանձնարարականով.
«Այդ մասին հաղորդագրությունը մամուլում եղել է։ Հանձնարարվել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և զեկուցել իրեն։ Ես շատ հանդիպումներ եմ ունեցել նախորդ օրերին, իսկ այսօր, ինչպես տեսնում եք, այստեղ եմ, վերադառնալու եմ, որպեսզի զեկուցեմ իրավիճակի մասին»:











