Վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է: Այս  ասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, դա առաջին հերթին պայմանավորված է ադրբեջանական զորքերի տեղաշարժերով, զորքերի կենտրոնացմամբ, Արցախի ուղղությամբ հիմնական կենտրոնացումը  Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է ԱՀ Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին: Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այդ ուղղությամբ անընդհատ նկատելի են զրահատանկային, հրետանային, հրթիռային զորքերի համալրումներ: Ըստ նրա, առաջնագծի բոլոր ուղղություններով բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքերը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել բավականին անցանկալի իրադարձությունների»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Աղդամի ճանապարհը բացելու շուրջ խոսակցություններին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այս վերջին տարբերակը, որ ռուսական կողմը քննարկման է դրել, եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Այն ենթադրում էր ոչ թե ադրբեջանական Կարմիր մահիկի, ոչ թե ադրբեջանական հումանիտար բեռի, այլ ռուսական Կարմիր խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի խորհրդանշական մուտք եւ դրանից հետո Լաչինի միջանցքի երթեւեկության վերականգնում: Իհարկե, դա չէր ենթադրում Լաչինով երկկողմանի ազատ տեղաշարժի իրկանացում, ինչը ունեցել ենք մինչեւ ապրիլի 23-ը, այլ ենթադրում էր ռուսական խաղաղապահների կողմից  Գորիսից Ստեփանակերտ բեռների տեղափոխությունները, որոնք եղել են մինչեւ Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման իրականացումը:

Առաջարկը, որ ռուսական կողմը ներկայացրել է Արցախի իշխանություններին, դրանք եղել են բանակցված նաեւ Ադրբեջանի կողմից եւ այդ առաջարկը ներկայացվել է որպես նաեւ Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը դեռեւս անհայտ պայմաններով, փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ: Ներկայացրել է նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում եւ ռուսական ուղեբեռից բացի նաեւ ադրբեջանական մահիկի բեռնատարների մուտք դեպի Արցախի տարածք: Սա բնականաբար, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, որը տեղեկացվել է ռուսական կողմին: Այս փուլում կարելի է այդ գործընթացը ձախողված համարել: Թե արդյոք այդ առաջարկի հետ կապված նոր զարգացումներ կլինեն, այս պահին դժվարանում եմ ասել: Արցախի իշխանությունները որոշակի հարցերի շուրջ պատրաստ են բանակցելու»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:

Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն. սա եղել  է ռուսական առաջարկը: Աբրահամյանը չի բացառում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ Թուրքիայի միջոցով, փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից ևս:

«Երկրորդը հանգամանքն այն է, որ, իմ տպավորությամբ, Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը` դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար: Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, թե այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողն Արցախի իշխանություններն են: Բոլոր դերակատարների համար հստակ է, նաև եղան հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից և հետագայում ստեղծել է պայմաններ, որոնց Արցախի իշխանությունները չէին կարող իրենց համաձայնությունը տալ», - ասաց նա: