Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանից, Ալիևից, դա է պատճառը, որ չեն շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այս պահին, երբ Արցախն իր գոյության ընթացքում թերևս ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբևէ անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը։ Այդ քաղաքական աջակցությունն այսօր, ցավոք սրտի, Արցախի մեր հայրենակիցները, ողջ հայ ժողովուրդը չի տեսնում։ Դա հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է»,- ասաց ընդդիմադիր պատամավորը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ. «Սա նույն պարտվողական դավադիր քաղաքականության հետևանքն է»:
Արթուր Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե փորձի ժամանակի ու տարածության մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, մեղավոր են նախկինները, քովիդը, գլոբալ տաքացումը… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ իրենք են պատասխանատու ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար»:











