44-օրյա աղետալի պատերազմում կրած  պարտությունից հետո պատմական հայրենիքում  ինքնորոշված արցախահայությունը կանգնեց  ցեղասպանության, իսկ հայ ազգը՝ պատմական հայրենիքի մի մասնիկի կորստի վտանգի առաջ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա, թվում էր, թե Հայաստանը պետք է ամեն քայլ ձեռնարկեր՝ ավելի սերտացնելու հայկական երկու պետությունների միջև կապերը, օգնելու վիրավոր Արցախին դարմանելու իր վիրավոր  վերքերը և դիմագրավելու լկտիացած Ադրբեջանի նոր սպառնալիքներին։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանը հասկացել է, որ ՀՀ իշխանությունը Արցախին մենակ է թողել։

«Հայաստանի  բազմադարյան պատմության մեջ միայն հայ բոլշևիկներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունն են կասկածի տակ դնում Արցախի հայկականությունը»,- ասաց Ա. Խաչատրյանը։

Նա հայտարարեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հարված հասցրեց Արցախի Հանրապետության թիկունքին, հանրապետության նորընտիր նախագահին անվանելով Լեռնային Ղարաբաղի առաջնորդ:

«Չեմ զարմանա եթե նա վաղը, տեղիք տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի հանարպետության նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ:

Նախորդ 2-3 օրը պարոն Փաշինյանը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել, տարբեր երկրների ղեկավարներին տեղեկացրել է Արցախում ստեղծված կացության մասին, իսկ Թուրքիայի նախագահի հետ զրույցը եղել է հատկապես կարևոր, նրանք պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում երկարատեվ խաղաղության և կայունության ձեռքբերման ուղղությամբ:

Սակայն Փաշինյանը ժամանակ և ցանկություն չի ունեցել զանգահարել Արցախի նորընտիր նախագահին: «Ինչ շնորհավորելու բան կա» հայտարարել է նա երեկ Հանրային հեռուսատընկերության եթերում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Խաչատրյանի, եթե չէր ցանկանում շնորհավորել, գոնե Հայաստանի զորակցությունը հայտներ Արցախի մեր քույրերին և եղբայրներին: