Կա ճշմարտությունն ասել եւ այդ ճշմարտությունը լսելու պատրաստակամության խնդիր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ադրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի հարցում իշխանությունը հետնահանջ չի արել, երբ ընդհանրապես չի խոսում այդ մասին եւ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:
«Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ պետք է կարողանանք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցը լուծել: Որեւէ մեկնաբանություն, թե իշխանությունը մոռացել է, դրանով չի զբաղվում, ընդհանրապես իրականության հետ կապ չունի: Մեր ժամանակի մեծ մասը նվիրված է դրան: Շատ բարդ բանակցային գործընթաց է ընթանում, շատ բարդ իրավիճակ է: Որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ այդպիսի տրամադրություններ կան իշխանությունում: Չի եղել եւ չէր էլ կարող լինել»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, ՀՀ նախագահն ասաց, որ տարաձայնությունները հիմնական հարցի շուրջ են, որ վերաբերում են հենց ԼՂ-ին. «Եկեք շատ չբացենք, որովհետեւ մեր շատ մեկնաբանություններ կամ հայտարարություններ ի օգուտ չեն լինում: Հակառակորդն անընդհատ հղում է անում ՀՀ տարբեր պաշտոնյաների տարբեր մեկնաբանություններին: Մեր ձգտումն է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիրը ստորագրել, որ անընդհատ հերթական անորոշ իրավիճակում չհայտնվենք այն առումով, որ կարող է սահմանին զորքեր կուտակվել կամ չկուտակվել: Այլ մենք ունենանք վստահելի մի միջավայր, որտեղ վաղվա հետ կապված սահմանների անձեռնմխելիության եւ ինքնիշխանության կորստի հետ կապված որեւէ խնդիր չունենանք»:
Խաչատուրյանը հավաստիացրեց, որ ինքը տեղեկացվում է բանակցությունների գործընթացի մանրամասներին:











