Բոլոր վարչական շրջաններում մեր քաղաքական ուժը ստացել է ամենաշատ ձայները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ ինքը փոքրամասնության քաղաքապետ է, եւ արդյոք դա չի՞ կաշկանդելու իրեն:

«Նման քաղաքական իրավիճակում երեւի բավարար չափով հասուն չենք, որպեսզի հասկանանք, թե այս կառավարման մոդելներում ինչպես պետք է մեզ դրսեւորենք: Բայց եթե մեր բոլորիս շահը այնտեղ է, որտեղ Երեւանի ու երեւանցու շահն է,  իրենց դժվար թե պետք է հետաքրքրի, թե ինչ ճանապարհով ընտրվեց քաղաքապետը:

Եթե նույնիսկ խնդիր ունենք, դա մենք ունենք, դա իրենց խնդիրը չի: Դրանից քաղաքը չի տուժելու, եթե տեսնենք, որ քաղաքը տուժում է, եթե տեսնենք, որ որեւէ ուժ, որեւէ անձ փորձում է խոչընդոտել բարեփոխումներին Երեւան քաղաքում, մենք դրան էլ անպայմանորեն շատ կտրուկ լուծումներ կտանք»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանու 65 անդամից միայն 32-ն է կողմ քվեարկել Ավինյանի թեկնածությանը: Մնացած 33-ը ընդդիմադիր 3 խմբակցությունների անդամներ են: