Մենք չենք ցանկանում, որ մեր հայրենակիցները Հայաստանից դուրս գան, արտագաղթ տեղի ունենա, մենք տրամադրված ենք ամեն ինչ անել, որ այստեղ հարմար պայմաններ գտնեն, մնալ ու աշխատել Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Եթե կորոշեն վերադառնալ, դա բարդ որոշում է, ես այդ մասին չեմ կարող ոչինչ ասել»,-ասաց նա:

Անդրադառնալով անկլավների թեմային, Սանոսյանն ասաց. «Ինչքան էլ այդ հարցը բարդ է թվում, այն պարզ է մի պարզ պատճառով. կան քարտեզներ, կան այդ քարտեզների համար իրավական հիմքեր: Ամեն քարտեզ չէ, որ ընդունելի է, որովհետև դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզն իր իրավական հիմքերով բոլորովին ուրիշ բան է։ Որևէ տարածք կամ անկլավ կոչվող տարածք նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա։

Ենթադրյալ երկու երկրները՝ ճանաչելով իրար տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա դեմարկացիա, դելիմիտացիա, որից հետո սահմանները կհստակեցվեն բոլոր առումներով»,-ասաց նա:

Սանոսյանը կրկնեց, որ ոչ թե պետք է բառերին նայել, այլ իրավական փաստաթղթերին. «Անընդհատ անկլավներից խոսելով երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին, որն իր չափերով եւ մեծ է, եւ իրավական հիմք ունի: Երբ մեկնարկի սահմանագծման և սահմանազատման գործընթացը, անկլավների հետ կապված բոլոր հարցերն այդ շրջանակում կլուծվեն»,- նկատեց ՏԿԵ նախարարը:

Հիշեցնենք, որ  օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր, ադրբեջանական 8 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի տարածքում և դրանք պետք է  ազատագրվեն։

Ադրբեջանի նախագահի հայտարարության անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշիանյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Փաշինյանը նշել էր, որ անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը։