Միշտ պետք է պատրաստ լինես ցանկացած հարձակման, ու երբ ասում ենք՝ խաղաղության օրակարգ, սկսում են ասել՝ խաղաղություն մեզ պետք չի, իսկ երբ հարցնում ես՝ պատերա՞զմ եք ուզում, ձայն չեն հանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Լեմկինի ինստիտուտն ահազանգել է, որ Հայաստանի վրա Ադրբեջանը կարող է հարձակվել օրերի, շաբաթների ընթացքում:

«Ինչ-որ մարդիկ առավոտից երեկո կարծես թե հակառակորդին զգուշացումներ անեն, թե որտեղից հարձակում անեն: Մեր, այսպես կոչված, փորձագետները, որոնք զինված ուժերի հետ ոչ մի առնչություն չեն ունեցել, մեր մեդիա դաշտը, որ էլի սպասարկում է կոնկրետ մարդկանց նպատակներ, որը վերաբերում է երկրի ներսում անվստահություն սերմանելուն եւ օր առաջ իշխանափոխության հասնելուն: Դա չի կարելի հանդուրժել»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ եթե իսկապես պատերազմի հավանականություն շատ մեծ լինի, արեւմտյան երկրներն իրենց քաղաքացիներին կոչ կանեն հեռանալ Հայաստանից, ինչը այս պահին չկա: