Տորք Անգեղի այգու ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման գործն անցել է երեք դատական ատյաններով. 9 իրարից անկախ դատավորներ քննել են այս գործը եւ պարզվում է, որ առաջին հերթին մենք ուշացրել ենք մեր պատասխանը. Երկրորդ, պարզվում է, որ առաջին ատյանում դատական նիստերին առհասարակ չենք ներկայացել, եւ բոլոր այս դատավորները միակարծիք են, որ իրենք ուղղակի այլընտրանք չեն ունեցել, քան կայացնել այն որոշումը, որն իրենք կայացրել են: Այս մասին, այսօր` նոյեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը:
«Սա նշանակում է, որ մեզ մոտ կարիք կա հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել: Սա շատ վտանգավոր նախադեպային իրավիճակ է, շատ վտանգավոր նախադեպային գործընթաց է, որը մենք պետք է կանենք: Խնդրում եմ մեր վերահսկողության վարչությանը, որ կոնկրետ այս գործով մանրամասն ներկայացնել՝ ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով ենք ուշադրել, ինչու չենք ներկայացել դատական նիստերին: Այդ ամբողջական տեղեկատվությունը տրամադրել ինձ, որ ես կարողանամ հետեւություններ անել:
Այս տեսակ անփութությունը շատ վտանգավոր է, սրա հետեւանքով մենք իրապես կարող ենք քաղաքի արտաքին տեսքն աղավաղել»,-ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կայացած խորհրդակցության ժմանակ այս թեմայի վերաբերյալ Տիգրան Ավինյանն ասել էր. «Բավական լուրջ խնդիրներ է առաջացնում, երբ մի հարց փորձում ես լուծել, որը վստահաբար բխում է հանրային շահից, և մենք անընդհատ հանդիպում ենք իրավական խոչընդոտների: Երևանի քաղաքապետարանը, Տեսչական մարմինը` բոլորս նույն տրամաբանության մեջ են, բայց մարդիկ ունենում են հնարավորություն` իրենց բենզալցակայանի աշխատանքը շարունակելու` բնակելի շենքին կպած, դատարանի որոշմամբ: Պետք է քննարկել դատարանների կողմից պարտադրվող ճարտարապետահատակագծային նախագծերը, որոնք, օրինակ, այգու տարածքում են: Ես, անկեղծորեն, չեմ կարողանում հասկանալ, չեմ պատկերացնում` ոնց է դատավորը այդ որոշումը կայացնում: Ասենք, Տորք Անգեղի այգու մեջ դատարանը պարտադրում է, որ մենք տանք շինթույլտվություն, չեմ հասկանում, ինչ-որ մեկը ինձ պիտի բացատրի` էդ ոնց է լինում»:











