Գումարի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու կարգավորումներ գործում են նաեւ այլ երկրներում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հրավիրված մամուլի ասուլին հայտնեց նախագծի հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Օրինակ, Թուրքիայում 25 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 1,3 մլն դրամ եւ ծառայոել 21 օր: Նման փորձ կա Ղազախստանում, որտեղ 24 տարին լրանալուց հետո քաղաքացին կարող է վճարել 340 հազար դրամ եւ ծառայել 35 օր:

Վրաստանում քաղաքացիները կարող են վճարել մոտ 3,3 մլն դրամ եւ չծառայել բանակում: Այնտեղ ծառայության ժամկետը 12 ամիս է»,-ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ այս պահին իր առաջարկած նախագծի շահառու է 5 հազարից ավելի քաղաքացի. «Այսինքն ունենք քրեական օրենսգրքի 461 հոդվածով  հետախուզման մեջ գտնվողն, այն է՝ պարտադիր զինծառայության զորակոչից խուսափած ավելի քան 5 հազար քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է: Այսօր եթե նրանք բոլորը վերադառնան, բոլորը կենթարկվեն ազատազրկման մինչեւ 5 տարի ժամկետով եւ պետությունը նրանց յուրաքանչյուրին պահելու վրա կծախսի տարեկան ավելի քան 1 մլն դրամ: 

Եթե այդ քաղաքացիները մինչեւ 37 տարին լրանալը չգան Հայաստան, նրանց նկատմամբ քրգործը կկարճվի վաղեմության հիմքով: Այս քաղաքացիները ոչ կծառայեն, ոչ էլ որեւէ դրամ կմուծեն բյուջե»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ եւ չծառայել ընդհանրապես: