Եվրամիության օգնություն ասելով պետք է հասկանալ Հայաստանում դիտորդների թվի ավելացումն ու մեր երկրում նրանց գտնվելու ժամկետի երկարացումը, եւ մենք դրական ենք նայում դրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 14-ին ասել է կառավաևող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նրա խոսքով՝ էական փոփոխություններ են նախատեսվում գործող մանդատի շրջանակում։ «Սակայն այդ բոլոր հարցերը լուծում են ԵՄ-ում, եւ մանրամասները գիտեն միայն իրենք»,- ավելացրել է նա։
Համապատասխան որոշումից հետո ԵՄ դիտորդների թվաքանակի ավելացումը տեղի կունենա մի քանի շաբաթվա ընթացքում, նշել է նա։
Իրավիճակն աշխարհում, նշել է պատգամավորը, այնպիսին է, որ այս կամ այն երկրի անվտանգությունը կախված չէ մի ինչ-որ մեկ բաղադրիչից։ «ԵՄ քաղաքացիական առաքելությունը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկն է, բայց մենք այլ բաղադրիչներ էլ ունենք։ Հաշվի առնելով ամբողջ ԵՄ-ն՝ միության «փափուկ ուժի» մեխանիզմների առկայությունը, տնտեսական լծակները՝ մեր համագործակցությունը կրում է բազմամակարդակ բնույթ եւ կախված չէ մեկ դետալից։ Համագործակցության ընդլայնումը ինքնին մեր անվտանգության կառույցի շատ կարեւոր բաղադրիչն է»,- ընդգծել է Եղոյանը։
Նրա խոսքով՝ Ժոզեպ Բորելի նշած մարտահրավերները վերաբերում են դեմոկրատիային։ «Բայց մենք դրանք հաջողությամբ հաղթահարում ենք։ Բոլորին են հայտնի այն ուժերը եւ հոսանքները, որոնք կրում են հակադեմոկրատական բնույթ։ Ընդ որում՝ ԵՄ-ում մեր առջեւ հարցեր չեն բարձրացնում այն մասին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Նրանք Հայաստանում չկան»,- ասել է պատգամավորը։











