2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
Նա բացատրեց, թե ինչու է բյուջեն, իր գնահատմամբ, պատմական. «Շատ կոնկրետ պատճառով. եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Ավելի քան կրկնապատկվում է նաև բյուջեի ծախսային մասը»։
Նրա խոսքով, առողջապահության ծախսերը ավելի քան կրկնապատկվում են, ինչը նշանակում է, որ իրենք կրկնապատկում են առողջապահության հասանելիությունը քաղաքացիների համար. «Սա մեր կարեւորագույն խոստումներից է. «2018-ին երկրի կառավարումը ստանձնելով առաջ քաշեցինք թեզ, որ քաղաքացին չպետք է մն հիվանդանոցների դռներին եւ այսօր արդեն քաղաքացին չի մնում հիվանդանոցների դռներին: Վերջին տվյալներով պետպատվերով առողջապահապական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ ծառայությունները: Սա չի վերաբերում անհետաձգելի ծառայություններին, որոնք մատուցվում են ըստ անհրաժեշտության»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում եւ առավելագույն բնական աճը:











