Թշնամին կոնկրետ կրակում է ՀՀ ներդրումների վրա. Ջերմուկում զբոսաշրջիկների համար այսօր անվտանգ չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` խոսելով ՀՀ կառավարության ներկայացրած «Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթի մասին։
«Պարոն Քերոբյան, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջերմուկում, որը մեր զբոսաշրջային կենտրոններից մեկն է համարվում, ինչպես նաև սահմանամերձ Տավուշը և Սյունիքը։ Զբոսաշրջության գրավչության հիմքը անվտանգությունն է. Ջերմուկում մենք նորից տեսնելո՞ւ ենք գերհագեցած հյուրանոցային տնտեսություններ, թե՞ տեսնելու ենք այն վիճակը, որը հիմա, ցավոք սրտի, կա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան Վահան Քերոբյանը նշեց․ «Ջերմուկում եղել եմ հուլիսին՝ քննարկելու, թե ինչպես են անցնում ամառային ամիսները։ Հանդիպել ենք հյուրանոցային ցանցի ներկայացուցիչների հետ, իրենք առաջարկել են, որ մի փոքր ակտիվացնենք ոլորտը և մենք որոշեցինք Ջերմուկում խնայված միջոցներով լրացուցիչ փառատոն կազմակերպել օգոստոսին։
Դա այնպիսի հաջողությամբ անցավ, որ բոլոր հյուրանոցները զբաղված էին։ Մեր բազմաթիվ ծրագրեր ուղղված են Ջերմուկում ներքին զբոսաշրջության խթանմանը ու համաչափ զարգացմանը։
Ապահովոթյան տեսանկյունից այս օրենքը շատ կարևոր օրենք է, ապահովում է, որ զբոսաշրջիկները երկրի ներսում ապահոված լինեն լավ ծառայություններով, լավ ենթակառուցվածքներով, իսկ անվտանգության տեսանկյունից գիտեք, որ կառավարությունը ու մեր կուսակցությունը մեծ ջանքեր են գործադրում, որ երկարատև խաղաղություն ապահովենք։ Խոսքը խաղաղության օրակարգի մասին է, որը ապահովելու է այն անվտանգությունը, որի մասին դուք խոսում եք»։
Իր հերթին ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանն ասաց. «Հիմա փորձեցի կապվել մեր զբոսաշրջային ընկերություներից մեկի հետ, որը ճշտում է Ջերմուկում ծանրաբեռնվածությունը։ Ամանորի հետ կապված՝ նույնիսկ ունենք հյուրանոցներ, որ ազատ տեղեր չունեն»:











