Ճիշտ եք անում, որ ավագանու նիստի օրակարգի բոլոր հարցերը զեկուցվող եք դարձնում, դա ժողովրդավարության մի մաս է, բայց ավելի կարևոր է, որ առանց մրցույթների ծախսերն էլ մեր քվեարկությամբ լինեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց  «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները երկու միլիոն դոլար ամանորյա ճոխ զարդարանքների համար են ծախսում,  հետո էլ ասում, որ այն անում են երեխաներին ուրախացնելու համար:

«Դուք այն նույն երեխաների մասին եք խոսում, որոնց հանրային դպրոցներում զուգարանի թուղթ չեք տալիս, օճառ չեք տալիս ձեռքերը լվանալու համար, էլ չեմ ասում տաք ջրի մասին: Այդ նույն երեխաների մասին եք խոսում, որոնց  5-ից 1-ը թերսնված է, բայց դպրոցներում ճաշ չեք տրամադրում: Նույն երեխաների մասին եք խոսում, որոնց դեմ փակել եք հանրային մարզադահլիճները, շոգ ամառը և ցուրտ ձմեռը մի հատ բաց մարզասրահ չկա, որ երեխաները սպորտով զբաղվեն:

Մարզադահլիճների հատակները փտած է, դուք միլիոնավոր դոլարներ եք դնում, նորմալ քայլվող մայթերի վրա սալիկներ եք դնում»,-հայտարարեց ավագանու անդամը և խորհուրդ տվեց մտնել Արաբկիրի մարզադահլիճը, որտեղ բազմաթիվ փոսեր կան, իսկ մարզադահլիճի դիմաց մայթերին նոր սալիկներ է տեղադրվում:

«Էս հատո՞ւկ եք անում, որ ապագա սերունդը կործանեք, թե՞ այսքան անհասկացող եք»,-Ավինյանին հարցրեց Պեդրո Զարոկյանը:

Տիգրան Ավինյանը հորդորեց արտահայտությունների մեջ «մի փոքր զգուշավոր լինել»: