Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, ինչը աշխարհաքաղաքական ինտրիգների առիթ է ստեղծում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 21-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ առարկայական քննարկումների փոխարեն գնում են դեպի աշխարհաքաղաքական բախումներ, ինչը վնասում է այն գործընթացներին, որոնք կարող էին տարածաշրջանում կայունություն բերել։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը վերածվել է աշխարհաքաղաքական բախումների։ «Դա հանգեցրել է այն բանին, որ անգամ բանակցությունների անցկացման վայրն է դառնում բուռն քննարկումների առարկա։ Մինչեւ 2018թ. ոչ ոք չէր կենտրոնանում այն բանի վրա, թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։ Դրանում էր այդ ձեւաչափի առավելությունը, քանի որ հանդիպումները որեւէ աշխարհաքաղաքական ինտրիգի առիթ չէին տալիս»,- ասել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ Բաքուն շարունակում է առաջնորդվել ծավալապաշտական մոտեցումներով, եւ այդ պայմաններում ստորագրված փաստաթուղթը կարող է դառնալ ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ նոր կորուստների փաստաթուղթ։

Ադրբեջանի սաստկացող հռետորաբանության ֆոնին շատ կարեւոր է գործընկերների աջակցությունը։ «Դրա փոխարեն Հայաստանը լրջորեն իջեցրել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մակարդակը։ Դա մտահոգում է այն առումով, որ վերաբերում է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություննեկի մակարդակի իջեցմանը։ Հայաստանի իշխանությունները պետք է ձգտեն ապահովել անվտանգության արտաքին քաղաքական բաղադրիչը՝ հարաբերություններ հաստատելով գործընկերների հետ»,- նշել է խոհրդարանականը։