Սիրելի երեւանցիներ, ես ներողություն եմ խնդրում այս ամենի համար, որովհետեւ չեմ կարծում, որ այստեղ ձեր երազած ավագանին եք տեսնում. Պետք է ավագանին այս ամենն ընդունի ի գիտություն եւ փորձի ինքն իրեն սաստել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետի ռաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին, որ անդրադառանլով երեկվա միջադեպին քննադատել է այն. «Բայց ինչպես հայտնի «Սայաթ Նովա» ֆիլմում էր ասում. «Աշուղ Ֆաթուլլա, մոռացիլ իս վերջին տողերը կարդալ: Պարոն Փամբուխչյան, քննադատելիս երբ ասում էիք՝ երկու ընդդիմադիրների միջեւ է եղել այդ ամենը, մի պահ ուզում եմ մտածել, որ չեք տեսել վիդեոն: Բայց երկրորդ միջադեպին, երբ ձեր վարչական շրջանների ղեկավարների, ներողություն եմ խնդրում, խուժան պահվածքի ականատեսը դուք եք եղել: Ձեր կողմից ակնկալում եմ գնահատական դրան:

Երեկ շանտաժի տեսքով խոսքը, որ երեւանցու շահը ոտնահարվում է եւ մեկ օր շուտ պետք է երեւանցու խնդիրը  լուծվի՝ մետրոպոլիտենի կամ մյուսի հետ կապված, իհարկե, ճիշտ եք: Բայց երեկ ձեր թաղապետերը ցույց տվեցին, որ թքած ունեն երեւանցու շահերի ու խնդիրների վրա, որովհետեւ իրենք պռավալի տվեցին այդ ընտրությունները, իրենք պռավալի տվեցին ավագանու նիստը: Հետեւաբար, այսուհետ շանտաժի լեզվով խոսելուց հիշեք, որ այդ զենքը դուք կիրառեցիք եւ ձեր թաղապետերը փոշիացրեցին այդ զենքը»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով, եթե վարչական շրջանների ղեկավարների արարքին գնահատական չտալու, մեղավորներին խիստ չպատժելու դեպքում, դա ունենալու է իր հետեւանքները. «Հետեւանքները լինելու են եւ իրավական կյանքում, եւ իրական կյանքում, բոլորս էլ կյանքի մարդ ենք: Իսկ դրա համար պետք է լինի օրենքի գերակայություն: Ես ակնկալում եմ, որ երկու վարչական շրջանների ղեկավարները, որոնց կենսագրության ամենավառ կետերը մեկը ԱՄՆ-ում մի քանի տարի չհասկանալի գործունեությունը է ծավալել, հետ է վերադարձել եւ իրեն պահում է վերջին խուժանի նման:

Պարոն Փամբուխչյան ակնկալում եմ, որ բորենիներին գնահատական կտաք: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Մանուկյան Մեսրոպը կարա լռի, ինքը սխալվել է: Իմ քայլերը լինելու են հետեւողական եւ լինելու են իրավական դաշտում»,- ընդգծեց ավագանու ընդդիմադիր անդամը:

Նա պահանջեց ստեղծել էթիկայի հանձնաժողով. «Այդ հանձնաժողովը պետք է ունենա լիազորություն, որ ավագանու այն անդամը, որն իրեն հարիր չի պահում, ինքն իրավունք չունի այս դահլիճում գտնվելու՝ անկախ նրանից, նա իշխանություն է, թե ընդդիմություն: Եթե դուք դեմ եք, ուրեմն խրախուսում եք այս ամեն ինչը:

Ես նաեւ հաջորդ առաջարկը ունեմ՝ այն հարցերը, որոնք քաղաքապետարանը լավ գիտակցում է, որ ընդդիմության կողմից անընդունելի է, բայց դրանց շարքում կան հարցեր, որոնց պետք է հրատապ լուծում գտնել, այդ հարցերն ընդգրկեք օրակարգի սկզբնամասում եւ շանտաժ չկիրառել: Ձեր շանտաժի զենքը սպառվել է: Ես առաջարկում եմ դրա լուծումը: Քանի որ  դուք շատ լավ գիտեք, թե որ հարցերն են անընդունելի ընդֆդիմության կողմից, այդ հարցերը պետք է ընդգրկվեն օրակարգի վերջում, որպեսզի մնացած հարցերը լուծվեն»:

Իր խոսքի վերջում Մեսրոպ Մանուկյանը եւս մեկ անգամ ընդգծեց. «Դուք որոշեք, դուք ուզում եք ունենալ թաղային խուժան, ուրեմն թող դիմում գրեն, դուրս գան, դուրս գան ՔՊ-ի ու իշխանության փեշերի տակից ու խաղան այն, ինչը ուզում են»:

Քաղաքապետ Ավինյանն արձագանքեց. «Մենք պետք է հասկանանք, որ այս դահլիճում կարգուկանոնը շատ կարեւոր է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:

Արդեն Այսօր Ավինյանը նկատողություն տվեց ավագանու երեք կին անդամներին՝ Սոնա Աղեկյանին, Հայրապետյանին եւ Անի Խաչատրյանին, ապա նաեւ ասաց. «Ուզում եմ նաեւ հատուկ զգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին, բոլորին, որոնք երեկ մասնակցել են այդ հրմշտոցներին: Իրենց նույնպես հետագա որեւէ նմանատիպ արարք չի ներվելու: Չեմ առանձնացնում ոչ մեկին, չնայած վստահաբար, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս է մասնակցել: Ուզում եմ իմ թիմակիցներին զգուշացնել, որ հետագայում որեւէ նմանատիպ քայլ չի ներվելու»:

«Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք». Ավագանու անդամները ջուր շփեցին իրար վրա.  ծեծկռտուք սկսվեց