Ինչ-որ կոյուղաջրերի թագուհի, կամ ավելի ճիշտ հավաքարարուհի, փորձեց ջուր ցանել ինձ վրա, ստացավ այն, ինչ ստացավ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
«Ես չեմ հիշում՝ այդ պահին ինչ կատարվեց, ինքն ինձ դրդեց, որ ստանա այն, ինչ ստացավ: Ես աշխտում եմ որպես Երեւանի ավագանու անդամ, բայց քաղաքական ելույթները ստանում են քաղաքական պատասխան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին, Անի Խաչատրյանն ասաց. «Ես տիկին Հայրապետյանի հասցեին հայհոյանք չեմ հնչեցրել, կարող եք նայել ինչպես է նա շիշը վերցնում ու շարունակում իր բառամթերքը օգտագործել: Ես երբեք հայհոյանք չեմ հնչեցնում նման տեղերում: Ես խոսել եմ ամբիոնից և նորից հաստատում եմ իմ ասածը, Մանուկ Սուքիասյանը, այդ տիկինը, որի անունը չեմ հիշում, ամբիոնից ավելին են խոսել, որի համար ստացել են մինիմալ պատասխան, բայց հիմա բոլորիդ առաջ զգուշացնում եմ այդ խմբակին, սրանից հետո կփորրձեն, կասեն որևէ բան, կստանան հավասար կամ ավելին, ինչ ձևաչափով ուզում է դա լինի: Ինչ կցանեն, դա կհնձեն, մեր հետ թող չխաղան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց: Մասնավորապես, Անի Խաչատրյանը քաշեց Սոնա Աղեկյանի մազերից:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:
Արդեն Այսօր Ավինյանը նկատողություն տվեց ավագանու երեք կին անդամներին՝ Սոնա Աղեկյանին, Հայրապետյանին եւ Անի Խաչատրյանին:
«Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք». Ավագանու անդամները ջուր շփեցին իրար վրա. ծեծկռտուք սկսվեց











