Հարգում եմ քաղաքապետին, այս ինստիտուտը և միայն դրա համար չեմ պատասխանում, բայց ուզում եմ հավելել, որ ոչ մեկը չառիթավորվի, քանի որ ցանկացած ձևաչափով՝ այս դահլիճում, թե այս դահլիճից դուրս, ստանալու են համապատասխան պատասխան: ավագանու նիստում հայտարարեց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի խաչատրյանը:

«Ինչ կտան՝ նա կստանան: Վերջում էլ թեմայից դուրս հավելեմ՝ 12 վարչական շրջանների ղեկավարներին՝ ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք»,- ասաց նա՝ ակնարկելով նախօրեին ընդհատված նիստից հետո վարչական շրջանների ղեկավարների և «Մայր Հայաստան» խմբակցության միջև արձանագրված միջադեպը:

Տիգրան Ավինյանը տեղից արձագանքեց Խաչատրյանին՝ ասելով. «Ես, անկեղծ ասած, իրենց ցավը չտանեմ: Ես չեմ խրախուսում որևէ տեսակի բռնություն՝ ո՛չ ֆիզիկական բռնություն, ո՛չ խոսքով, որովհետև հուսով եմ, որ մենք և՛ էդ ժամանակաշրջանն ենք վերապրել, և՛ էդ տարիքից ենք նաև դուրս եկել, որ չենք կարող քաղաքակիրթ ձևով՝ բառերով ձևակերպենք այն հարցերը, որոնք պետք է լուծվեն, և չենք կարող իրար հետ խոսել, վստահ եմ, որ կարող ենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց: Մասնավորապես, Անի Խաչատրյանը քաշեց Սոնա Աղեկյանի մազերից:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:

Արդեն այսօր Ավինյանը նկատողություն տվեց ավագանու երեք կին անդամներին՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին եւ Անի Խաչատրյանին: Նա նաեւ նշեց, որ երեկ Երեւանի վարչական շրջանի ղեկավարները եւս իրենց վայել չեն պահել:

«Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք». Ավագանու անդամները ջուր շփեցին իրար վրա.  ծեծկռտուք սկսվեց