Դուք ձեր խոսքում զուսպ եք եւ հանդուրժողականություն եք դրսեւորում, հետո վիրավորում եք մի քաղաքական ուժի, որն այստեղ նստած է՝ իրենց անվանելով «արբանյակ»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթին:
Հիշեցնենք, որ Սուքիասյանը «Հանրապետություն» խմբակցությանը մի քանի անգամ անվանեց ՔՊ-ի արբանյակ:
«Ես էստեղ փչացած հեռախոս չեմ ստեղ, եթե ասում եմ՝ հարգելի գործընկերներ, այս հարցերի ժամանակ պետք է քննարկենք հարցերը, դա նշանակում է, որ պետք է քննարկենք հարցերը: Երկրորդ, ինձ հետ, մեզ հետ շանտաժի լեզվով պետք չի խոսել, որովհետեւ, ինչքան այս ավագանու նիստերը մեզ են պետք, այդքան էլ ձեզ են պետք եւ ձեր ընտրողներին:
Որովհետեւ եթե մենք բոլորով այստեղ խնդիրներ չենք կարող լուծել, վստահաբար, այս ավագանու ինստիտուտը միգուցե կարելի է ցրել եւ գնալ նոր ընտրությունների»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ իրենք նոր ընտրություններից չեն վախենում:
«Խնդրում եմ՝ այդ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսել: Մենք ձեզ հետ էդ լեզվով չենք խոսում»,-ասաց քաղաքապետը:











