Երեկ «Հանրային ձայնը» բոյկոտեց Երեւանի ավագանու նիստը եւ չներկայացավ, որի արդյունքում եղավ այն, ինչ տեսանք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը՝ հավելելով, որ այդ պայմանավորվածությունը եղել է «Մայր Հայաստան»-ի հետ:
Անդրադառնալով իրենց բոյկոտի պատճառին, նա ասաց. «Մեր ընդդիմադիր գործընկերներից ստացել էինք առաջարկ առ այն, որ իրենք նույնպես բոյկոտելու են նիստը, բայց նաեւ հավաստի աղբյուրներից ունեինք տեղեկություն, որ մեր ընդդիմադիր գործընկերները հենց համոզվեն, որ մենք բոյկոտելու ենք նիստը, մեզմ ասած, խախտելու են պայմանը եւ իրենք ներկայանալու էին նիստին, այդկերպ փորձելով ցույց տալ հանրությանը եւ կոալիցիային, որ «Հանրային ձայնը» այլեւս որոշիչ չէ ավագանիում:
Այսինքն մենք վստահ էինք, որ նիստը կայանալու է անկախ նրանից՝ մենք կգանք, թե ոչ: Չեմ բացառում նաեւ, որ մեր ընդդիմադիր գործընկերների մեծ մասը նաեւ տեղյակ չի եղել այս բանակցությունների բովանդակությանը:
Հավանաբար, որոշակի խումբ որոշել է այդկերպ ազատվել «Հանրային ձայնից»: Դա էր վկայում նաեւ մեդիա դաշտի արշավը մեր դեմ, երբ մամուլով տարածվեց, որ իբրեւ թե քաղաքապետը քրեական գործ է հարուցել մեր խմբակցության նկատմամբ՝ մեր մասնագֆիտական լիազորություններն իրականացնելու պատճառով»,-ասաց նա:











