Ավագանու նիստում այնպիսի իրավիճակ էր, որ որեւէ մեկը չէր կարող վերահսկել, որովհետեւ ընդդիմադիր խմբակցության կողմից այդ սադրանքն այնքան մեծ էր, բուռն ու անվերահսկելի, որ տեղի տվեցին նաեւ մեր որոշ գործընկերների նյարդերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Ընդդիմության տեսակետին, թե ՔՊ-ն իր սատելիտ ուժին՝ «Հանրապետությանը» հրահրում է, որ ընդդիմության հետ կապված խնդիր ստեղծվի, նա ասաց. «Նախ, նա սատելիտ ուժ չի, մեր կոալիցիոն գործընկերն է: Դա նույնպես սադրանքի մի մաս է անընդհատ որակավորում տլ մեր գործընկեր ուժին: Բոլորը տեսել են, թե ով է սկսել միջադեպը թե բառապաշարի տեսքով, թե նաեւ ֆիզիկական որոշակի ներգործության տեսքով»:
Հարցին, թե ինչպե՞ս են պատժելու միջադեպի մեղավորներին, Փամբուխչյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ եթե ավագանու անդամը իրեն պատշաճ չդրսեւորի, ոստիկանների օգնությամբ դուրս հրավիրվի ավագանու նիստերի դահլիճից»:











