Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող ձկնաբույծներին։ Քննարկմանը ներկա ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են օրենքի նախագծի հետ կապված իրենց մտահոգությունները։

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել եւ բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Նախարարը նշեց, որ Շրջակա միջավայրի նախարարության տեսանկյունից ջուրն առաջնահերթություն ունեցող ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրս է․ «2023 թվականի հորերի կոնսերվացման եւ փակման մասին ձեզնից լավ տեղեկացված եմ։ Երեկ մենք սահմանել ենք այն հնարավորությունը, որ առաջիկայում քննարկենք ձեր հետ հասկանանք՝ ինչ է այդ փակ շրջանառության համակարգը։ Մենք տարբեր լեզվով ենք խոսում։ Բայց եթե դուք հիմա ինձ ասում եք՝ մենք մեկ է, այդ քննարկումներում համաձայն չենք լինելու որեւէ նորար գործիք կիրառել ջուրն ավելի արդյունավետ կառավարելու համար, ուրեմն մենք խոսում ենք տարբեր լեզուներով։ Շրջակա միջավայրի նախարարի տեսանկյունից ջուրն առաջնահերթություն ունեցող ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրս է եւ կառավարությունը ոչ թե ձկնաբուծարանների համար, այլ ՀՀ քաղաքացիների համար ամեն ինչ անելուբ է, որ այդ ջուրը չվատնվի»։