Եկեք ասենք՝ մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ մեզ դիմում են, մենք 7 հատոր փաստաթղթաշրջանառություն ենք ձեւավորում, վերջում գրում՝ այդ հարցը չի լուծվի, հետո պատահական փողոցում տեսնում են, ասում են՝ մենք մեր ձեւերով լուծեցինք: Սա ինչ է նշանակում: Ես չեմ համարում, որ այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է: Կաշառք են վերցնում ով որտեղ պատահի», - նշեց Փաշինյանը։

«2018-ից ես ինքս հրապարակային հայտարարել եմ, որ քրեական գործերն ուղղորդելու պրակտիկայից պետք է հրաժարվենք եւ մենք այդ ճանապարհով գնացել ենք: Այստեղ քարտ բլանշ է, ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան, բայց մենք կարող ենք ուրիշ վտանգ ստեղծել, որ կարող է  վերնագիր հայտնվել, որ էսինչ մարդուն ձերբակալեցինք, գործ հարուցեցինք, մեկ էլ տեսնես այդ մարդկանց սրճարանում սուրճ խմելիս»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, որոշ դեպքերում չկան դատավճիռներ, եւ ինչ-որ մարդիկ հավերժ քաղաքից չբացակայելու ստորագրություն ունեն. «Հլը, պետք լինի, ինչ որ պատճառներով, միջնորդություններով  քաղաքից էլ կբացակայեն, Մոնտե Կառլո էլ կգնան, քիչ չի Երեւանի սրճարանում կհանդիպեն, սփյուռքում էլ Մոնտե Կառլոներում, ռեստորաններում կնկարվի, կգցի սոցիալական ցանցեր: Ես հասկանում եմ, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը շատ կարեւոր է, բայց այս ամենի քաղաքական պատասխանատվությունը մենք ենք կրում»,- հայտարարեց Փաշինյանը: