Ես համաձայն եմ, որ կալանքը չպետք է կիրառվի համատարած, բայց մենք ունենք դեպքեր, երբ հենց դատարանում կալանքի տակ չգտնվելու պայմաններում է իրականացվում այդ գործերի ձգձգումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Մենք հիմք քրգործ ունենք ուղարկած դատարան մոտ 20 մլն դրամ կաշառքի դիմաց որակ ապրանք տալու՝ ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ: Այդ գործը դատարանը վարույթ ընդունելուց հետո դատարանը բոլոր կալանքի տակ գտնվողներին կալանքից ազատել է: Ես ամենեւին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, որ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են եւ դա պրոբլեմ է»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դա էլ կա, որովհետեւ առնվազն այդ կողմը շահագրգռված չէ: Եթե մարդը իր ներսում գիտի, որ մեղավոր է, ու ազատության մեջ է, ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ դատավճիռը շուտ կայացվի: Սա ակնհայտ է»:

Սասուն Խաչատրյանը հավելեց, որ գործեր կան, որտեղ դատական նիստերը տեղի են ունենում 2-3 ամիսը մեկ պարբերականությամբ. «Քրեական գործ կա, որ այս տարվա փետրվարից հետո նիստ տեղի չի ունեցել»:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Դե հիմա գնացեք մեկին ապացուցեք, որ դա իմ «դաբրոյով» չի եղել, ո՞վ կհավատա դրան»: