Թե ինչպիսին ես կմնամ պատմության մեջ կախված է նրանից, թե ով կգրի պատմությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատախանելով այն հարցին, թե ինչպես կցանկանար, որ հիշվեր պատմության դասագրքերում:
«Ես իմ օրինակը չբերեմ, վերադառնանք մեր պատմություն, օրինակ մեր պատմագրության մեջ ամենանեգատիվ կերպարներից մեկը, սատանայական, ազգային արժեքներին ու ավանդույթներին դեմ, համարյա Նեռի հետ համագործակցող, էդ Պապ թագավորն է: Երբ որ մեր պատմիչին կարդում ես, որը գրել է կոնկրետ տեսակետից, գնահատականներն այն են, որ անբարո, մեղսագործ եւ այլն, բայց երբ որ իր գործերը կարդում ես այդ նույն պատմիչի շարադրանքի մեջ, ասում ես բայց էդ մարդը ամենապետականամետ գործիչներից մեկն է: Օրինակ Հայ Առաքելական եկեղեցին իր ավանդույթի ուժով ուղղակի ամենամեծ ու եղկելի թշնամիներից է համարում Պապ թագավորին:
Բայց էդ մարդը ինչ ա արել, ըստ էության, Հայ Առաքելական եկեղեցու քաղաքական անկախությունն ու ինքնուրույնությունը տվել է Պապ թագավորը: Հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ մտածող ու պետության արժեքը իմացող մարդու հետ գործ ունենք, որն այդ ավանդույթը դրել եւ դարձել է ամենաեղկելի մարդը: Ինձ համար Պապ թագավորը մեր պատմության առանցքային կետերից մեկն է: Իր հետ այս մատնագրերի արդյունքում ինչ տեղի ունեցավ. Հայ էլիտայի մասնակցությամբ կուսակալը Պապ թագավորին հրավիրեց ճաշի եւ ճաշի սեղանի շուրջ սրախողխող արեցին: Այսօր մենք Հոկտեմբերի 27-ի մասին ենք խոսում, էդ Հոկտեմբերի 27-ից մեկը Պապ թագավորի սպանությունն է եղել, բայցղ դա մեկ օրում չի եղել, մատնագրեր են գրվել, հակաքարոզչություն է եղել, որ սա սատանայի ծնունդ է, նեռի գործակից եւ հայ էլիտայի մասնակցությամբ տարել մատաղ են արել Բյուզիանդիայի կայսրությանը»,- ասաց նա:
Փաշինյանը նշում է, որ եթե պատմությունը գրի այն նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է, որ ինքը նույնպես որպես նեռ, դավաճան եւ հողատու կներկայացվի. «Պարզ է, որ ես պատմության մեջ կլինեմ հերթական նեռը, սրբապիղծը, հողատուն, չգիտեմ ինչը, ինչ ուզեք: Իսկ եթե պատմությունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը եւ արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի, որ մարդ էր, որ ուզում էր եւ բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ եւ ժողովրդավարական պետություն, ստացվեց, թե չստացվեց, դա էլ պատմությունը ցույց կտա»:











