Նիկոլ Փաշինյանը սկսել է բացահայտել այն, ինչը մենք մոտ 2 տարվա կտրվածքով տեսնում ենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Դրա արտահայտությունը եղավ դեռեւս անցյալ տարվա ապրիլին՝ նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը, դրան հաջորդած Պրագայի հոկտեմբերի 6-ի համաձայնությունները, դրան հաջորդող այս տարվա մայիսի եւ հուլիսի համաձայնությունները եւ Գրանադայի միակողմանի հաստատագրումը այն ամենի, ինչի վերաբերյալ փաստացի եղել է շրջանակային համաձայնություն հատկապես հայկական կողմից, որը ադրբեջանական կողմը շատ հմուտ օգտագործել է՝  ձեռք բերելով Արցախն առանց հայերի, իրականացնելու այդ ցեղասպանությունը, հայաթափելու ամբողջ Արցախը եւ ունենալով արեւմտյան ինդուլգենցիան այդ գործընթացն իրականացնելու որպես ընդհանուր քաղաքական նպատակներին հասնելու միջոց:

Դա կարճաժամկետ ուղղված է ռուս խաղաղապահներին այնտեղից հանելուն, ամբողջ մեղքը նրանց վրա բարդելով, թեեւ նրանք ունեն մեղքի որոշակի բաժին, փորձելով նաեւ արդարացնելու ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը: Հետագայում սրան կհաջորդի, բնականաբար, 102-րդ ռազմաբազան այստըեղից հեռացնելու պահանջը, եւ ընդհանրապես, հայկական հանրության մեջ հակառուսականության հերթական ալիքի գեներացումը, որի համար ջանքեր չեն խնայվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է արեւմտյան ընկալումներին, Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Բնականաբար, արեւմտյան հարթակը գործում է իր քաղաքական շահերի ուղղությամբ՝ ունենալով ՀՀ իշխանությունների դեմքով կամակատար իշխանություններ, որոնք պատրաստ են սեփական հայրենիքը, հողը, ժողովուրդը զոհաբերելու եւ մատաղ մատուցելու թշնամուն՝ հանուն արեւմտյան ինչ-որ խոստումների եւ արեւմտյան հավակնությունները»,-ասաց նա: