Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռն ենք վերլուծում, մինչեւ ամսվա վերջ պարզ կլինի՝ սակագների փոփոխություն կլինի, թե ոչ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Եթե շուկայի ազատականացում է տեղի ունենում, այսինքն խոշոր սպառողները դուրս են գալիս էլեկտաէներգետիկական շուկա եւ այնտեղից չկարգավորվող գներով ձեռք են բերում էլեկտրական էներգիա, բնականաբար, որոշակի հաստատուն ծախսերի բեռ շարունակում է մնալ էներգահամակարգում, եւ դա կարող է կուտակվել կենցաղային սպառողների վրա, որոնք դեռեւս մնում են կարգավորվող սակագների համակարգում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1–ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։
«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,–ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` քաղաքական գործընթացները, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարող են ազդել գազի սակագնի վրա, ՀԾԿՀ նախագահը շեշտեց, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում։











