Ի պատասխան Վերին Լարսի անցակետի հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտության մասին հայտարարության՝ ՀՀ իշխանությունները կրկին ամեն ինչ տեղափոխում են «նախկինների» վրա՝ հայտարարելով, որ այդ հարցերը պետք է լուծեին 15 տարի առաջ։ Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ի՞նչ պետք է աներ Հայաստանը 15 տարի առաջ. Լարսը գրավե՞լ»,- տարակուսանք հայտնեց պատգամավորը։
Նա նշեց, որ մոտեցող ամանորյա տոների ֆոնին սկսվում է արտահանման ակտիվ սեզոնը, իսկ հայաստանյան տնտեսվարողները պարապուրդի են մատնված սահմանին, թեև ամբողջ տարին վնասով են աշխատել՝ հուսալով, որ գոնե այս ընթացքում կարող են շահույթ ստանալ:
«Իշխանությունները վկայակոչում են իրացման շուկայի դիվերսիֆիկացումը, սակայն Վերին Լարսի անցակետում պարապուրդի մեջ գտնվող ապրանքները, որոնք նախատեսված են ռուսական շուկայի համար, Եվրոպայում մրցունակ չեն։ Այն, ինչի մասին խոսում են իշխանությունները, լավագույն դեպքում, հեռավոր ապագայի խնդիր է, և այսօրվա խնդիրը պետք է օպերատիվ լուծել, այլ ոչ թե հայտարարել, որ հայեցակարգային մոտեցումներ են մշակվում»,- ընդգծեց Ավետիսյանը։
Նա քննադատեց պետական պաշտոնյաների մոտեցումը, որ արտահանման համար նախատեսված ապրանքները կարող են վաճառվել նաև ներքին շուկայում։
«Խոսքը 6 մլրդ դոլարի արտահանման մասին է։ Նման քանակի հավելյալ պահանջարկ Հայաստանում հնարավոր չէ առաջացնել։
Հայաստանի իշխանությունների տված բոլոր խոստումները ձախողվեցին, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ռուս-հայկական տնտեսական կապերի շնորհիվ ապահովվեց բարձր տնտեսական աճ։ Այսպե՞ս են իշխանությունները խթանում արտահանումը ։ Մինչդեռ էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այն, ինչ տեղի է ունենում, լավ դաս է լինելու, և այս ամենը գործարարների կորուստների հաշվին է»,- նշեց պատգամավորը։











