Համայնքի ղեկավարին պարտավոր են կես ժամ սպասել, որից հետո տեղակալը կվարի, կամ տարիքով մեծ ավագանու անդամը. նիստը սկսել են օրենքի խախտումով, քվեարկել են արդեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում լրագրողներին ասաց Ալավերդու համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, ում այսօր ՔՊ-ն որոշել է անվստահություն հայտնել։

Հետո «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները ուժով դուրս տարան Մեսրոպ Առաքելյանին։

Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր և քվեարկել երկրորդ անգամ:

Նշենք, որ սենյակում է նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։

Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչներն՝ ի պաշտպանություն համայնքապետի։ Ոստիկանները թույլ չեն տալիս բնակիչներին շենք մուտք գործել:

«Ամո՛թ ձեզ, պարո՛ն Մկրտչյան, քո խոսքերի համար ժողովրդին ես պատասխան տալու։ Ամո՛թ քեզ, քո նմանին էլ պատգամավոր են ընտրել»,-դիմելով ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանին՝ ասաց համայնքի ղեկավարը։

Արեն Մկրտչյանն արձագանքեց. «Զոռբայությմբ հարց չի լուծվում, դավայ, դուրս արի ստեղից»:

«Չափերդ ճանաչիր, սրիկայի մեկը, կսատկացնեմ, այ սրիկա»,- արձագանքեց Թամազյանը:

Լարված իրավիճակից հետո, Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնություն է ժամանել։ 

Նշենք, որ այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին: Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։