ՀԱՊԿ-ի հետ կապված, այո, ունենք դժգոհություններ եւ հիմա փորձում ենք ՀԱՊԿ-ը առողջացնել, որ համապատասխանի այն հարաբերություններին, որոնց տակ ստորագերլ են այդ կառույցի անդամ բոլոր պետությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Կարծում եմ՝ մենք կարձանագրենք հաջողություն: Իհարկե, դա ինչ-որ լարվածություն է առաջացնում թե մեր հասարակության մեջ, թե հայ-ռուսական հարաբերությունների մասին այլ պատկերացում ունեցող գործիչների մոտ, բայց իրականում, Հայաստանի այսօրվա պահվածքն արդարացված է ՀԱՊԿ-ի հետ կապված: Մենք սպասում ենք, որ ՀԱՊԿ-ը գործի իր պարտականությունների շրջանակում»,-ասաց նա:
Հարցին՝ այս պահին հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չկա՞, նա արձագանքեց. «Այնպես չի, որ զրոյական մակարդակում է, կան որոշակի հարթակներ նույն ՀԱՊԿ-ում, որտեղ մենք զրույցներ ունենում ենք: Ռուսաստանում էլ կան ռազմական գործիչներ, որոնք մեր բարձրացրած հարցերին ըմբռնումով են վերաբերվում: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, դրանք անպայման կկարգավորվեն»:
Նա հավելեց, որ երբ Լարսի անցակետում խնդիրներ էին ծագել, ընդդիմադիրները չարախնդում էին, որ Ռուսաստանը քաղաքական նկատառումներով փակել է Լարսը մեզ համար, բայց հիմա, երբ Լարսը նորմալ գործում է, նույն ընդդիմությունը լռում է»:











