Տավուշի մարզում` հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած սողանքի հետեւանքով մահացած Երեւանի բնակիչներ, եղբայրներ 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյանների ընտանիքները դեռեւս չեն հաշտվում այդ կորստի հետ: «Հույս ունեինք, որ կարող են կենդանի գտնվել, մենք մտածում էինք, որ էդ ծանր մեքենաների տակ մնացած կլինեին եւ կպահեին քարերից, բայց դե 20 մետր խորությամբ էր մեքենան մնացել, ասում են` ահավոր է եղել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սորսումատյաններ եղբայրների քույրը` Դուխիկը: Նա պատմեց, որ թույլ չեն տվել դիակները տուն մտցնել: «Հակահիգիենիկ վիճակ էր, ամբողջը «սկոչած» էր եւ ընդամենը մի 10 րոպե պահեցին բակում ու հանեցին»,- ասաց նա` հավելելով, որ թաղումը կազմակերպել են մեծ դժվարությամբ, բարեկամներից եւ ծանոթներից պարտք վերցնելով, երեխաների բերանից կտրելով:

Իսկ Կառավարությունից զոհերի ընտանիքներին տրվելիք մեկական միլիոն դրամով ընտանիքը մտադիր է թաղման ծախսերը փակել, քարը գցել:

«1 միլիոն են ասում, բան չունեմ ասելու, գումար ա, բայց անունը կա, ամանունը չկա, մենակ 300 դոլար կազմել է երկու դագաղը, թաղման ծախսեր ենք արել, զալ ենք վերցրել, 150 հազար դրամ դրան ենք տվել,  դեմը ձմեռ ա գալիս, 7 երեխա ոտաբոբիկ է, վառելիքի հարց պետք է մուծեն»,- նշեց քույրը:

Նշենք, որ Սորսումատյանի ընտանիքում ոչ ոք չի աշխատում, պապիկը կույր է, թոշակ է ստանում, հարսները եւս առողջական խնդիրներ ունեն: Երեք եղբայրներ իրենց ընտանիքներով ապրում են մեկ տան մեջ, նրանցից մեկի ընտանիքը 5 հոգուց է բաղկացած, իսկ մահացած եղբայրներինը` 8 եւ 5 անդամներից: Արմենն ունի 3 անչափահաս երեխա` մեկ աղջիկ եւ երկու տղա: Մեխակը 7 երեխա ունի` 5 տղա եւ երկու աղջիկ, նրանցից երկուսն են չափահաս: Ընտանիքն ապրում է շատ վատ սոցիալական պայմաններում, 9 քմ տարածքի վրա: Երկհարկանի անկողիններում, 10 երեխա է քնում` տարբեր տարիքի եւ սեռի:

Ընտանիքները երազում են բնակարան ունենալու մասին. «Որտե՞ղ դիմենք, ո՞ւմ խնդրենք, ու՞մ միջոցով կարելի ա էդ երեխեքին գոնե մի երկու սենյականոց բնակարան հատկացնել, մեղք են էլի էդ երեխեքը, գոնե մաքուր օդ շնչեն, առողջ մեծանան, ապագա զինվորներ են էդ ընտանիքում: Ախպերս միշտ ասում էր` լավ կլինի, կաշխատենք, երեխեքը կմեծանան, տուն կսարքենք, բայց էսօր էլ չկա նրանց աշխատող ձեռքը: Որբանոցներում էսօր կա 30 երեխա, մենակ իմ հայաթում էսօր կա 10 որբ, իմ ախպերների երեխեքը»,- նշեց քույրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ էր մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա: Սողանքը խլել է 5 մարդու կյանք:

Պատրաստեց Ինգա Մարտինյանը