Ցավոք, այս իշխանությունը գերազանցեց նախորդ իշխանություններին իր ցանկության մեջ, որ հոգեւորականները իրենց մասին խոսեն միայն գովանսանական արտահայտություններով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները հոգեւորականներին մեղադրում են քաղաքականացված լինելու մեջ:
«Նախորդ իշխանությունը այդ էր ակնկալում եկեղեցական իշխանությունից եւ այս հեղափոխականները եկան իբրեւ թե դրա դեմ, որ եկեղեցին լինի անաչառ, օբյեկտիվ, եկեղեցին իր խոսքն ասի ազատորեն: Այն ժամանակ էլ էր ասում, բայց հիմա շատ պարզ երեւում է, որ եկեղեցին իշխանությանը հանդիմանում է: Իրենք փոխանակ գոհ լինեն նման եկեղեցուց, պարզվում է՝ դժգոհ են: Ուրեմն իրենք իրենց ցանկությունների մեջ անկեղծ չէին: Իրենք շարունակում են նույն գիծը, ինչ ունեին նախկին հանցագործ իշխանությունները»,-ասաց նա:
Այն, որ վերջին շրջանում որեւէ պետական միջոցառման կամ տոնի եկեղեցականները չեն մասնակցում իշխանավորների հետ միասին, Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ դա եկեղեցու համար վտանգավոր չի կարող լինել, բայց վտանգավոր է պետության եւ պետականության համար. «Մենք դա տեսել ենք, սովոր ենք, ապրել ենք, գիտենք: Ես նույնիսկ ուրախ եմ, որ օրինակ, դեկտեմբերի 7-ին կարող եմ իմ արարողությունն անել, չկաշկանդվել պետական արարողակարգով: Նույնը ապրիլի 24-ին: Բայց ես տխուր եմ որպես հոգեւորական, որպես քաղաքացի եւ թեմի առաջնորդ: Իրենք կարծում են՝ մեզ չհրավիրելով մզ պատժում են: Օրինակ, Համահայկական խաղերի բացմանը Շիրակի թեմի առաջնորդը հրավիրված չէր, կարծում են՝ դրանով ես պատժված եմ: Ես հիմա պատժված եմ, շատ ծանր եմ տանում»,- հեգնեց նա:











