ԵԱՏՄ ստեղծման մասին համաձայնագիրը հիմնված է այն հիմնարար պոստուլատի վրա, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք շարունակում ենք այն հենց այդպես ընկալել և այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ փորձելով ճնշել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։
ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով։
Սա միանշանակ հանգեցնելու է միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի։
Այս համատեքստում հայկական կողմը կարևոր է համարում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որի հիմքում ընկած են ԵԱՏՄ-ի զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունները»,- նշել է Փաշինյանը։











