Մենք միշտ հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ՀՀ իրավազորության ներքո պատրաստ ենք ճանապարհներ տրամադրել, մեր իրավազորության ներքո պետք է լինեն այդ ուղիները: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» 2028-ին պետք է արդեն ավարտված լինի, եւ որ ՀՀ վարչապետից այդ առումով դրական ազդակներ կան:

«Խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, որ բեռները կարող են անարգել Եվրոպայից գնալ Ասիա՝ Հայաստանի տարածքով եւ հակառակը: Մեր այս դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Նոր բանն այստեղ այն է, որ մենք ասում ենք՝ այն պայմաններով, որ Իրանը տալիս է ճանապարհ Ադրբեջանին, մենք այդ պայմաններով կարող ենք տրամադրել ճանապարհ Ադրբեջանին: Իսկ Իրանը ճանապարհ է տալիս իմ նշած պայմաններով, այսինքն դա Իրանի իրավազորության տարածքն է»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի առաջարկին՝ բանակցել երկկողմ ձեւաչափով՝ առանց միջնորդների, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խոսում է և՛ ուղիղ, և՛ միջնորդների միջոցով. «Ես կարծում եմ, որ մեզ համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որտեղ մեր դիրքորոշումները հարգվում ու ընդունվում են»,- ասաց նա։