«Հանրային ձայն» խմբակցության անդամները նախկինում էլ այս հարցի վերաբերյալ բարձրաձայնել են: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ավագանու արտահերթ նիստում «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամները միացան ավագանու ընդդիմադիր 3 անդամների մանդատներից զրկելու նախաձեռնությանը:
Դիտարկմանը՝ այդ ինչպե՞ս նրանց դիրքորոշումը համընկավ ՔՊ-ի դիրքորոշման հետ, Ավինյանն ասաց. «Պատահական չէր բացարձակապես, որովհետեւ նախկինում էլ որոշակի քննարկումներ այս թեմայի շուրջ եղել են: Անձամբ ես չէ, բայց մեր խմբակցության որոշ անդամների հետ այդ քննարկումները եղել են եւ դա բերել է այսօրվա որոշումներին»:
Այսինքն «վերբովկա՞» եք արել նրանց, դիտարկմանն էլ արձագանքեց. «Ոչ, իրենք են մեզ «վերբովկա» արել այս հարցում: Մենք բոլոր խմբակցությունների հետ էլ տարբեր հարցերի վերաբերյալ աշխատել ենք»:
Նշենք, որ այսօր ավագանու որոշմամբ մանդատից զրկվեցին ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանը, Սոնա Աղեկյանը եւ Հայկ Մարությանը: Եվս երկու անդամի (Զարուհի Փոստանջյան եւ Գեւորգ Ստեփանյան) վերաբերյալ բավարար ձայներ չապահովվեց, եւ նրանք պահպանեցին մանդատները:











