Ինչպե՞ս ենք պատրաստվում մեր գործերը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովենք, որ մեր պետությունը միշտ լինի որպես Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է  կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մեր իրականության մեջ շատ կարևոր հարց է, որովհետեւ պատմականորեն մեր պետականությունը ընդհատվել է, տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է։ Մեր հանրապետությունների գոյությունն էլ է ընդհատվել, մեր առաջին հանրապետությունը գոյություն է ունեցել ընդամենը 2 տարի:

Մեր պատմական փորձի վերլուծությամբ, մենք պետք է հանգենք եզրակացության , թե ինչ գաղափարախոսություն, ինչ հայեցակարգ պիտի դնենք մեր պետության հիմքում, որպեսզի ապահովվի մեր պետության հարատևությունը, նաեւ անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ այս հարցերի վերաբերյալ եկել է եզրահանգման, որ ՀՀ հարատեւության, անվտանգության եւ հարաբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝  ե΄ւ  ներքին առումով, ե΄ւ արտաքին առումով: 

«Ինչ է նշանակում վարվող քաղաքականությունների լեգիտիմություն, դա շատ բազմաշերտ հարց է, բայց ես տվյալ դեպքում նկատի եմ ունենում  հետեւյալը, թե որն է ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը: Ես կարծում եմ, որ մենք շատ հստակ եւ աներկբա պետք է հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը եւ մենք մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա»,- ասել է նա: