Վարդենիս խոշորացված համայնքում վիճակը հանդարտ է, կրակոցներ այստեղ չկան, ժողովուրդը զբաղված է իր առօրյա աշխատանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանը:
Անդրադառնալով նարն, որ նախօրեին վարդենիսցիները փակել էին գլխավոր ճանապարհը եւ բողոքում էին անձնագրային բաժանմունքը Վարդենսից տեղափոխելու դեմ, նա ասաց. «Երեկ մարզպետը եկավ ժողովրդի հետ հանդիպեց, ներկայացրեցին ճանապարհային քարտեզը, դրա հետ կապված քննարկումներ են տեղի ունենում:: Երբ դրա վերաբերյալ լրացուցիչ բան լինի, բնակչությունը եւ բոլորը դրա մասին կիմանան: Մարզպետն ասաց, որ քննարկումների արդյունքում ամեն ինչ արվում է, որպեսզի համայնքում լինի համապատասխան մասնագետ, որ այդ նույն գործառույթները իրականացվի համայնքում»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե հիվանդանոցը եւս փակվում է Վարդենիսում, համայնքապետի տեղակալն ասաց. «Հակառակը, նոր հիվանդանոց է կառուցվում Վարդենիս համայնքում, գումարած դիահերձարան, որպեսզի ժողովրդին ավելի պատշաճ օգնություն տրամադրվի: Պետական կառույցների փակման վերաբերյալ բոլոր տեղեկությունները սուտ են, չկա նման բան:
Անձնագրայինի հետ կապված, գիտեք, ընդհանուր բարեփոխումների համատեքստում օպտիմալացում է տեղի ունենում: Հիմա, թե օպտիմալացման արդյունքում ինչ ձեւաչափով կտեղափոխվի համայնք, այս պահին չեմ կարող ասել, բայց մեր ժողովրդի անհանգստության հետ կապված երեկ հանդիպման արդյունքում ճանապարհային քարտեզը ներկայացվեց: Շեշտվեց, որ մարդկանց սպասարկման հետ կապված մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվելու»:
Հիշեցնենք, որ առավոտից Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։
Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:











