Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի ասել, որ ինքն ազատման դիմում գրի։

Նա ասաց, որ իրեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել։

«Ինձ Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել, ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը։ Այն պահն է, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, իմ աշխատանքը պահանջված չէ, ես մի վայրկյան ավել չեմ մնա»,- ասաց Քերոբյանը։

Դիտարկմանը, թե ի՞նչ պատճառաբանությամբ են առաջարակել ազատման դիմում գրել, նախկին նախարարը նշեց, որ իրեն պետք չեն պատճառաբանություններ։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես են իր և փոխնախարար Մհեր Գրիգորյանի հարաբերությունները, Վահան Քերոբյանն ասաց․ «Աշխատանքային՝ թե՛ դրական և թե՛ բացասական»։

Քերոբյանը նշեց, որ նամակով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի համար, վարչապետը՝ նույնպես։

Լրագրողները հետաքրքրվեցին` երբ Քերոբյանն իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի. «Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»,–ասաց Քերոբյանը։

Հետո նա իր հերթին լրագրողներից հետաքրքրվեց` արդյոք նոր նախարար նշանակվել է, թե ոչ։

Հարցին, թե այս պահին միայն դա է իրեն հետաքրքրում, Քերոբյանը դրական պատասխան տվեց։

Լրագրողներից մեկը հարցրեց` նախարարությունում նրան արժանի փոխարինողներ կա՞ն, Քերոբյանը վստահ պատասխանեց. «Այո՛, իհարկե կան»:

Նշենք, որ քիչ առաջ դատարնը Վահան Քերոբյանի նկտմամբ երկու ամսով տնային կալանքի որոշում կայացրեց: