Մենք շատ ավելի վտանգավոր իրադարձությունների շեմին ենք, քան մարդկանց կարող է թվալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:
«Ես պնդում եմ, որ մենք նախանձելու ենք արցախահայերին, որովհետեւ իրենք փախչելու տեղ ունեին, մենք ո՞ւր ենք գնալու, եթե իշխանությունները տանեն պետականության լուծարման: Ես հասկանում եմ, որ ոմանց համար դժվար է սա ընկալել, բայց մենք այդ ուղղությամբ ենք գնում: Եթե ավելի մեղմացնեի, ես այսպես կասեի. Մենք գնում ենք երրորդ հանրապետության լուծարման առանց 4-րդ հանրապետություն ստեղծելու երաշխիքների: Սա շատ ակնհայտ է»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ մինչ այս պահը ազդակներ չի տեսնում, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ունի ծրագիր. «Բայց այն, որ իրենք չեն ուզում Հայաստանից դուրս գալ, մենք այլ ազդակներով ենք հասկանում: Հարավային Կովկասի մաս է նաեւ Աբխազիան, որտեղ Ռուսաստանը ծովային ռազմաբազա է հիմնում: Մենք տեսնում ենք, որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր է կնքել, իսկ ԵԱՏՄ-ի միկ երկիրը, որի հետ ցամաքային սահման ունի Իրանը, Հայաստանն է: Վերջերս իմացանք նաեւ, որ էներգետիկ կամուրջ կառուցելու վերաբերյալ բանակցություններ են գնում: Այսինքն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այստեղից դուրս գալու ծրագրեր չունի: Իսկ Հայաստանի իշխանությունները դրան դեմ գործողություններ են անում: Պարզ է, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ հակազդելու է դրան: Ինչպես է հակազդելու, ես չգիտեմ»,- ընդգծեց նա:











