Այժմ ամփոփվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, հաշվետվության ծավալն ահռելի է։ Այն պարունակում է լուրջ տեղեկություններ, այդ թվում՝ գաղտնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ես զենքի ձեռքբերման հետ կապված փաստաթղթերի հսկայական փաթեթ եմ ուղարկել գլխավոր դատախազություն»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Փաշինյանը երբեք չի հրաժարվել պատասխանատվությունից։
«Նա ասել է, որ եթե ինքը մեղավոր է, ապա համապատասխան կառույցները պետք է անդրադառնան դրան»,- հավելեց Քոչարյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ հայկական բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող։
«Այսօր մենք գնում ենք այս ճանապարհով։ Պաշտպանության նախարարությունը պետք է դառնա հասարակությունը միավորող կառույց։ Հակառակ դեպքում քննարկումը կշարունակվի «կորցրին», «դավաճանեցին», կեղծ Դմիտրիների, փրկիչների և այդ կառուցվող գմբեթների մակարդակով։ Ընդ որում, իրենք իրենց են վերագրում մի կենսագրություն, որի հետ կապ չունեն»,- ասաց Քոչարյանը։
Նա մատնանշեց հասարակության մեջ հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորման կարևորությունը։











