Այսօրվա իրադարձությունը նաեւ ցույց է տալիս մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա հարաբերությունների խորքը, որովհետեւ դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, մարդկային եւ մշակութային են, այլ նաեւ կարծում եմ, որ մեզ կապում են խորը էմոցիոնալ կապեր: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի  հետ համատեղ ասուլիսին ասել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նրա  այս  կարեւոր նախաձեռնության համար:

«Պիտի ձեր թույլտվությամբ ընդգծեմ նաեւ, որ մենք այս տարի նման շատ խորը կոնտեքստ ունեցող  իրադարձություն ունենք: Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը եւ ես հույս ունեմ, որ սեպտեմբերին Երեւանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակի նվիրված գալա համերգին եւ ուզում եմ, պարոն նախագահ, եւս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը պետական այցով Հայաստան այցելելու»,-ասաց նա՝ արձանագրելով, որ ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում, ինչում առանձնահատուկ է Մակրոնի դերը:

Փաշինյանը ընդգծեց, որ ՀՀ-Ֆրանսիա կապերը խորանում են տնտեսական առումով, քաղաքական առումով, նաեւ շեշտեց Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձեւավորելու գործում Մակրոնի ներդրումը:

Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի դիմադրողականությանը ուղղված գործում Ֆրանսիայի աջակցությանը. «Դուք ընդգծեցիք, որ պաշտպանության ոլորտում  մենք նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչը էական է տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն ապահովելու համար: Այդ առումով հայտնի է, որ կան քննադատություններ եւ ոզում եմ ընդգծեմ, որ ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունը եւ այս առումով ՀՀ պաշտպանական կարողությունների զարգացումը որեւէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել, որովհետեւ մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձեւավորելն է եւ միայն ու միայն ՀՀ լեգիտիմ, ինքնիշխան միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է եւ մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է»:

Փաշինյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Մակրոնի աջակցության համար։

«Այս համատեքստում, իսկապես մենք նոր դինամիկ փուլ ենք մտնում նաև Եվրամիության հետ մեր հարաբերություններում։ Եվ այստեղ էլ պիտի ընդգծեմ Ֆրանսիայի և Ձեր անձնական աջակցումն այս գործում, որովհետև Եվրամիությունը նաև մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ունի առանցքային նշանակություն։

Իհարկե, ես այսօր առիթ կունենամ նաև Ձեզ հետ կիսել մտքեր մեր տարածաշրջանի, միջազգային իրավիճակի մասին։ Վերջին անգամ մենք քննարկում ենք ունեցել Գրանադայում, և այս ընթացքում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նաև որոշ տեղեկություններ կուզեմ Ձեզ հետ կիսել օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցած հանդիպման և այլ քննարկումների մասին։ Եվ իհարկե, մեր օրակարգի բազմաթիվ հարցեր կան ու, բարեբախտաբար, մեր օրակարգը երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում մեր համագործակցության շատ լավ է, շատ ընդարձակ։ Եվ կարևոր է այստեղ այս առիթն ունենալու, չնայած չենք մոռանում, որ այսօրվա մեր հիմնական առաքելությունը պատվելն է Ֆրանսիայի անկախության և պետականության համար իրենց կյանքը նվիրաբերած և ներդրում ունեցած բոլոր հերոսների հիշատակին»,-ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: