Բոլորս տեսանք, թե հայ խոպանչիներին որոշումը ինչպիսի բունտեր բարձրացրեց, պարզ չի՞, որ Ռուսաստանը, եթե իրեն պետք լինի, տնտեսական առումով ինչեր կկարողանա իրականացնել Հայաստանի դեմ՝ նույն այդ խոպանչիներին տասնյակ ինքնաթիռներով հետ ուղարկելով Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Կամ Ռուսաստանը կարող է մի քանի անգամ թանկացել գազի գինը Հայաստանի համար: Հույսները ադրբեջանական էժան գա՞զն է, իսկ ի՞նչն է լինելու ադրբեջանական գազի գինը, չեն մտածե՞լ: Սա զինապահեստում գտնվող կապիկն է, որը փորձարկումներ է իրականացնում զինապահեստում, ու մենք 6 տարի տեսնում ենք այդ փորձարկումների արդյունքը:
Ոչ ոք չի ասում Արեւմուտքի հետ խզիր հարաբերությունները, դու անընդհատ փորձիր խորացնել հարաբերություններն Արեւմուտքի հետ, բայց ոչ այս տարածաշրջանի հիմնական խաղացողների՝ Ռուսաստանի ու Իրանի հաշվին: Դա քեզ վրա շատ թանկ կնստի: Ռուսաստանի եւ Իրանի շահերը հաշվի առ, մնացածը ում հետ ուզում ես խորացրու հարաբերությունները: Դու չունես այլ տարբերակ, թշնամացնել այդ երկու պետություններին, նշանակում է քո հակառակորդների թիվը 2-ից դարձնում ես 4:
Այո, կարող է, Ռուսաստանը բազմաթիվ հարցերում չի կարողանում օգնել Հայաստանին, կամ օգնում է այնքան, որքան կարողանում է, բայց ՀՀ իշխանությունները հասնելու են նրան, որ Ռուսաստանը ոչ թե օգնի կամ չօգնի, այլ ռեալ վնասի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,-ասաց Կիվիրյանը:
Հարցին՝ ի՞նչ վնաս կարող է տալ Ռուսաստանը Հայաստանին, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց. «Վերջնական կհանի բոլոր անվտանգության բարձիկները: Հայաստանը չի հասկանում՝ դա ինչի կբերի: Երբ 2020-ին, երբ Ադրբեջանի զորքը մոտեցել էր Հայաստանի սահմանին, լեղապատառ ռուսներին խնդրում էին՝ գնացեք, սահմանին կանգնեք: Ռուսները գնացին, կանգնեցին: Լավ են կանգնել, թե վատ, այդ ծանր պահին գնացին, կանգնեցին, եւ անհայտ է, թե եթե չկանգնեին, ադրբեջանցիները մինչեւ ուր կհասնեին:
Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, թե ինչով դա կավարտվի, եթե ռուսները վերջնականապես հանեն անվտանգության բարձիկները: Լավ, թե վատ, այդ անվտանգության բարձիկները գործում են: Նույնը Իրանը: Ինչ-որ մեկին թվում է, որ ԵՄ դիտորդներից են ադրբեջանական զորքերը հուշտ լինում, որ չեն մտնում այս տարածաշրջա՞ն:
Ռուսները դա չեն անում Հայաստանի համար, ռուսները սա համարում են իրենց տարածքը: Բայց երբ Հայաստանն ասի՝ այստեղ ռուսները շահ չունեն, մենք ենք այստեղ, այդ ժամանակ կհասկանան, թե ինչքանո՞վ են իրենք ընդունակ պաշտպանել դա, եւ ինչ արժեք ունեն արեւմտյան կոշտ հայտարարությունները»:
Կիվիրյանը նշեց, որ Ռուսաստանի համար կարմիր գծեր են ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը, նաեւ Հայաստանի միջոցով արեւմտյան սանկցիաները շրջանցելուն խոչընդոտելը. «Քանի դեռ Հայաստանը այդ կարմիր գծերը չի հատել, Պուտինի խոսքը դեռ չի հնչում: Եթե անցնեն այդ գծերը, կամ կլինի Պուտինի խոսքը, կամ կլինեն գործողություններ: Առայժմ դեռ հետդարձի ճանապարհներ կան: Հիմա ասում են՝ ռուսները պետք է «Զվարթնոցից» ու Սյունիքից դուրս գան, բայց նրանք դեռ այնտեղ են: Հենց որ տեսնեք, որ դուրս են եկել «Զվարնոցից», Սյունիքից, սանկցիաների առումով Հայաստանը տուգանում է ինչ-որ ընկերությունների, որոնք Ռուսաստան ներկրումներ են անում, ԵԱՏՄ-ում է սառեցնում իր կարգավիճակը, ապա իմացեք, որ ուր որ է կհնչի վերջին զանգը»:











