Բոլորս լսում ենք, որ ասում են՝ այ, աթոռի համար են կռիվ անում, պաշտոններ են ուզում, մենք էլ ասում ենք, որ նպատակը պաշտոն ունենալը չի, նպատակը ազատվելն է այն իշխանություններից, որոնք ցավոք, տեսել ենք՝ ինչ վիճակի են հասցրել երկիրն ու մեզ բոլորիս: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Չարենցավանում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
«Մեր նպատակը ազգային ուղղվածության իշխանություններ ունենալն է, որը կսպասարկի ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ մեր շահերը: Բնականաբար, եթե մենք քաղաքական ուժ ենք, մենք պատասխանատվությունից չենք խուսափում, ուղղակի նպատակը աթոռ ունենալը չէ: Եթե մենք տեսնենք, որ ուժեր կան, որոնք միգուցե ավելի շատ շանս ունեն, ավելի են սիրված ժողովրդի կողմից, մենք խնդիր չունենք միանալ այդ ուժերին: Այսինքն այստեղ անձնական ամբիցիաների հարց չկա»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իշխանության ներսում էլ գուցե կան մարդիկ, որոնք կողմ չեն տեղի ունեցողի հետ, բայց նրանք ձայն չեն բարձրացնի, քանի դեռ չեն տեսնի, որ փոփոխությունը ռեալ է ու հնարավոր. «Դա պետք է լինի մեր միասնականության շնորհիվ, որ իրենք տեսնեն եւ այդ քայլին գան»,-ասաց Լեւոն Քոչարյանը:
Դիտարկմանը, որ 2018-ի իշխանափոխությունը եղավ, քանի որ դեպքեր եղան եւ մարդիկ պատժի չենթարկվեցին, պատգամավորն ասաց. «Միգուցե, բայց եթե մենք խոսում ենք 2018-ի մասին, այն, ինչ այսօր տեսնում ենք փողոցում ինչ է մեր հետ կատարվում, ուղղակի կոնկրետ բեսպրեդել է, ապօրինություններ են: Դրանով իրենք իրենց ուժն են ցույց տալիս, ասում են՝ այ, տեսեք, կարող ենք տեսախցիկների առաջ, երբ բոլորի համար պարզ է, թե ով է ուժ գործադրում, հակառակ կողմին մի բան էլ փակենք, դատենք: Որ մյուս տեսնողը ասի՝ բայց արժի՞, որ ես գնամ, մասնակցեմ այդ ցույցերին: Էս են իրենք, վախի մթնոլորտ են ստեղծում: Հիմա մենք պետք է հասկանանք՝ մենք վախենալու ենք, թե ոչ: Մենք հստակ ցույց ենք տվել, որ չենք վախենում: Մի մասի համար եթե սա սկսվել է 2020 թվականից, մեզ համար սկսվել է 2018 թվականից: Ամեն դեպքում, մինչեւ 2020 թվականը հասկանալի էր, թե ինչու կարող էին հավատալ այս իշխանություններից, բայց դրանից հետո դժվար է հասկանալ այն մարդկանց, որոնք շարունակում են հավատալ, հետեւել այսօրվա իշխանություններին»,-ասաց Լեւոն Քոչարյանը:











