Կադրերի հարցում մասնագիտական ունակություններն ու պատրաստվածությունը միշտ առաջին տեղում է, բայց եթե քաղաքական նշանակումների  մասին ենք խոսում, ապա բնականաբար մարդը պետք է լինի տվյալ քաղաքական կուրսի կրողը: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը պաշտոնների նշանակելիս ինչ չափորոշիչներով է առաջնորդվում:

«Եթե մարդը քաղաքական կուրսի կրողը չէ եւ չի հավատում այդ կուրսին, ինքը կարող է լինել աշխարհում լավագույն մասնագետը, բայց ինքը չի կարողանա իրականացնել դա»,-ասաց նա:

Պապոյանը հավաստիացրեց, որ կառավարության բոլոր նախարարները մշտապես կրել են վարվող քաղաքական կուրսը:

«Նախարարությունում վարչության պետերի պաշտոններում նշանակումների համար հենց հիմա հայտարարված են մրցույթներ, կհայտարարվեն շուտով նոր մրցույթներ: Բնականաբար, վարչության պետ դառնալու համար շատ կոնկրետ  պահանջներ կան, որոնք վերաբերում են եւ փորձառությանը, եւ գիտելիքներին: Իսկ փոխնախարարները քաղաքական նշանակումներ են»: