Արցախից Հայաստան եկած Լենա Մաթեւոսյանը վեգան կոնֆետների բիզնես է սկսել։ Բնական հումքից կոնֆետները Լենան պատրաստում է տանը, հաճախորդներին այն ուղարկում է առաքման միջոցով։
Շոկոլադի տեսքով, բայց ոչ շոկոլադ, համը՝ քաղցր, բայց ոչ վնասակար։ Վեգան կոնֆետները հատապտղային, ցիտրուսային եւ ընդեղենային են։ Գրավիչ ու գունեղ կոնֆետներն առողջարար են, Լենան հիմնական շեշտն այդ ուղղությամբ է դրել։ «Արեւէ վեգան», այսպես է Լենան անվանել իր բիզնեսը։
«Ինչու վեգան, որպեսզի շատ մարդկանց կարողանամ ընդգրկել, այսպես ասած՝ թիրախային խումբս մեծացնեմ, կարեւորում եմ, որ երեխաներն ունենան քաղցրավենիքի այլընտրային տարբերակ, ու սնվեն առողջ»,- NEWS.am-ին պատմում է Լենան։
Կոնֆետներին զուգահեռ՝ չիպսեր, քաղցրավենիքներ, թեյեր, երբեմն նաեւ բուսական տորթեր է պատրաստում։
27-ամյա Լենան ծնվել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում, մանկությունը գյուղում է անցկացրել, դպրոցական տարիները՝ Ստեփանակերտում։
Մասնագիտությամբ դերասանուհի Լենան աշխատել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնում։
Լենան ժպիտով է հիշում՝ դերասանուհի դառնալու ճանապարհը հեշտ չի եղել, ծնողներից գաղտնի սովորել ու ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինսիտուտ, հետո ծնողները աստիճաբանար կողմ են եղել Լենայի որոշմանը։
«Հայրս, այգի ունեինք, գնաց, այգուց տարբեր մրգեր հավաքեց, բերեց, ասաց՝ կեր, որ գնալու ես բեմ դուրս գաս, զգացի, որ վերաբերմունքն իմ հանդեպ փոխվել է։ Իրենք անհամբեր սպասում էին, թե երբ է լինելու հաջորդ ներկայացումը»,- հիշում է Լենան։
Լենայի ամուսինը՝ Սեւակը, սպա է, 44-օրյա պատերազմին վնասվել է ոտքը, ու աչքը, սակայն այժմ էլ նա ընտանիքի մասին հոգ տանելու աշխատանք գտել է։
Բլոկադան Լենայի համար սարսափելի շրջան է եղել, հղիությունն անցկացրել է այդ շրջանում, ընտանիքն այժմ մեկ դուստր ունի․ «Ես ամեն անգամ պատկերացնում էի՝ ինչպես թուրքերը կգան ու մեզ կսպանեն, ուզում էի նման մտքերն ինձնից հեռու մնան»։
Ընտանիքը հարազատներ շատ է կորցրել թե՛ 44-օրյա պատերազմին, թե՛ էթնիկ զտման ու բլոկադայի ընթացքում, թե՛ բենզինի պայթյունի հետեւանքով։ Այժմ էլ նա հույսը չի կորցնում, որ մի օր վերադարձ Արցախ լինելու է․ «Ուզում եմ Արցախում ապրել, այդ ցանկությունս սերմանում եմ փոքրիկիս մեջ, կապ չունի երաժշտության տեսքով ,թե գրքերի միջոցով, հավատում եմ, որ մենք մեր սերնդին այլ կերպ կդաստիարակենք, որպեսզի իրենք լինեն հետ բերող սերունդը»։











