Մենք ունենք իրավիճակ, երբ ամեն տարի մեր արտահանումը ԵԱՏՄ երկրների հետ տասնյակ տոկոսներով աճում է. սա բավականին դրական դինամիկա է, նպաստում է մեր տնտեսության աճին: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Բայց մենք ունենք իրավիճակ, որ մեր արտահանման մի զգալի մասն էլ գնում է Եվրոպա: Շատ կարեւոր է, որ մենք խորացնենք մեր համագործակցությունը թե եվրոպացի մեր գործընկերների հետ, թե ԵԱՏՄ անդամ մեր գործընկերների հետ: Բայց մենք մինչեւ հիմա ԵԱՏՄ մաքսային միության անդամ ենք եւ պետք է իրավիճակները գնահատենք այս ռակուրսից:
Ես կարծում եմ՝ մենք կարող ենք ավելի շատ դիվիդենտներ ունենալ եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունից, քան ունենք մինչեւ հիմա: Ես չափազանց կարեւոր եմ համարում այն մոտեցումը, որ ունի Հայաստանը: Մենք պետք է մեր հաշվարկներում ճիշտ լինենք, շատ երկար ու լուրջ ուսումնասիրենք մեր հնարավորությունները նաեւ արտահանման մասով:
Եթե ինչ-որ տեղ ունենք թերություններ, որը մեզ խանգարում է ավելի լայն ներգրավվածություն ունենալ այդ շուկաներում, մենք պետք է դրանք շտկենք: Կտրուկի հարց չկա, մենք իրականացնում ենք այն գործողությունները, որոնք նպաստ են բերելու Հայաստանին նաեւ տնտեսական մասով»,-ասաց պատգամավորը:











