Ռուսաստանը եւ Արեւմուտքի մեծ մասը վաղուց համաձայնել են Հայաստանը զոհաբերել Ադրբեջանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Այվազյանը։
Նա նշել է, որ Ռուսաստանը հայտարարում է, թե Երեւանին երաշխիքներ չի տա։ Ռուսաստանն ամեն օր աջակցություն է հայտնում Ադրբեջանին Հայաստանի դեմ, Արեւմուտքը նույնպես ասում է, որ Հայաստանին երաշխիքներ չի տա։ «Միջազգային ճնշում ագրեսորների վրա՝ հանձինս Թուրքիայի եւ Ադրբեջանի, չկա, ավելին, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը ճնշում են գործադրում Հայաստանի վրա»,- կարծում է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ այդպիսի երաշխիքներ կարող էր լինել Ադրբեջանի վրա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ճնշումը։ «Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Արեւմուտքը դրա համար անհրաժեշտ լծակներ ունեն։ Ընդ որում՝ նրանք աշխարհի տարբեր կետերում հակասությունների ֆոնին տասնամյակներ ֆինանսավորել ու զինել են Ադրբեջանին՝ աչք փակելով Բաքվի ցեղասպանածին քաղաքականության եւ Հայաստանի հանդեպ շարունակվող սպառնալիքների վրա»,- ավելացրել է Այվազյանը։
Նա կոչ է արել ռուսամետ եւ արեւմտամետ քաղաքական գործիչներին եւ փորձագետներին Հայաստանի հանրությանը մոլորության մեջ չգցել։ «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից մի քանի օր առաջ, 2023թ. աշնանը Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը։ Հասկանալի է, որ հանդիպմանը մասնակցում էր նաեւ թուրքական կողմը»,- նշել է քաղաքագետը։
Փորձագետը նշել է ներքին ռեսուրսների մոբիլիզացման եւ «բանակ-հասարակություն» մոդելի իրականացման անհրաժեշտությունը։ «Ոչ մի զիջում Ադրբեջանին անել չի կարելի։ Բացի այդ, պետք է շեշտը դնել Իրանի վրա, նրա հետ կնքել համաձայնագիր, համատեղ զորավարժություններ իրականացնել, անհրաժեշտության դեպքում Սյունիքում տեղակայել իրանական ստորաբաժանումների որոշակի քանակություն»,- ամփոփել է Արմեն Այվազյանը։











