Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանի ինքնիշխանությունը խարսխված է Հայաստանի եւ իր հարեւանների չմիջնորդավորված հարաբերությունների վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ դիմելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Մենք հեռու ենք մեր բոլոր հարեւանների հետ խաղաղություն ունենալուց, բայց հաստատպես ճիշտ ուղու վրա ենք Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության պաշտպանության առումով»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչած քննադատություններին, Մարիա Կարապետյանն ասաց. «Մեր ընդդիմության տարբեր մասերը պետք է երկխոսեն իրար հետ, որովհետեւ կտրականապես հակընդդեմ փաստարկներ են բերում նույն քննարկման շրջանակներում՝ չնկատելով դրանց հակասական լինելը:Ընդդիմության մի թեւը պահանջում է, որ դելիմիտացիան, դեմարկացիան իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթի հիման վրա, մասնավորապես տիկին Աննա Գրիգորյանը, բայց ընդդիմության մյուս թեւը պնդում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանը գոյություն չունի, կա դե ֆակտո սահման, ինչը համընկնում է Ադրբեջանի ու Ռուսաստանի դիրքորոշման հետ, եւ մերժում է այդ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը:
Այստեղ տարօրինակ է, թե ոնց կարելի է երկու կողմից ճզմել Հայաստանը՝ քննադատելով թե էս դիտանկյունից, թե էն դիտանկյունից:
Արթուր Խաչատրյանը հետաքրքիր մի դիտարկում արեց ԼՂ վերջին իշխանությունների մասին, ասաց՝ փորձում էին Ադրբեջանի հետ լեզու գտնել: Կարո՞ղ ենք համարել փակված այն դարաշրջանը, երբ հայը հային կմեղադրի Ադրբեջանի, Թուրքիայի, թուրքի հետ լեզու գտնելու փորձերի մեջ:
Ես ուզում եմ խնդրել մեր ընդդիմությանը՝ դադարեցնել պաշտպանել Ռուսաստանին, որովհետեւ դա վնասում է ՌԴ մասի ներհայաստանյան հանրային ընկալումներին: Ինչքա՞ն կարող եք կրկնել, որ ռազմավարական դաշնակիցը կարող է ջղայնանալ: Այս նախադասությունը այնքան եք ասել, Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է մտածում Հայաստանի հանրությունը, երբ այս նախադասությունն ամեն օր հեռարձակում եք: Օրերս ընդդիմադիրներից մեկը ֆանտաստիկ հայտարարություն արեց, ասաց՝ այ, եթե Զելենսկին գա Հայաստան, Ռուսաստանը կջղայնանա, Ադրբեջանը կհարձակվի: Եթե այդպես պարզ բացատրում եք, ի՞նչ եք ակնկալում, որ անի Հայաստանի ժողովուրդը, կառավարությունը»,-ասաց նա:











